Առողջապահություն

21-րդ դարի էպիդեմիան․ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում

Հունիսի 10-ը նշվում է` որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման միջազգային օր: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն (ԼՈԱՃ) իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Աշխարհի բնակչության 25-30 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններով, այսինքն` ամեն չորրորդը տառապում է այս հիվանդությամբ:

Միաժամանակ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հանրապետության մասնագետները ներկայացնում են ԼՈԱՃ միջազգային օրվա խորհուրդը՝ իրազեկելով բնակչությանը հիվանդության հետևանքների մասին:

Ցավալին այն է, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն ունի աճող միտում, ավելին՝ երեխաների մոտ էլ է արձանագրվում այն, հատկապես` ավել քաշ ունեցողների:

ԱՆ-ից նշում են, որ լյարդը ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին կազմում է ճարպը:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների` մոտ 340 միլիոն երեխաների մոտ արձանագրվել է ավելորդ քաշ, որն էլ համարվում է ԼՈԱՃ` ամենամեծ ռիսկի գործոն:

Մեծահասակների մոտ լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ամենակարևորը` անառողջ ապրելակերպը, այսինքն` ոչ ճիշտ սնուցումը և ֆիզիկական ոչ ակտիվությունը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:

Հասարակական առողջապահական առումով այն չի զիջում վիրուսային հեպատիտներին՝ իր բնական ընթացքով առաջացնելով՝ բազմազան կլինիկական արտահայտվածություններ՝ ԼՈԱՃ (25-30%), Ստեատոհեպատիտ (3-10%), լյարդի ցիրոզ (2-3%), լյարդի առաջնային ուռուցք` (4-27%) իրենց հայտնի բարդություններով:

Լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական սնվել 3-4 անգամ, խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից, հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով, չսնվել ուշ ժամերին և վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ:

Նշվում է, որ ամեն տարի ԼՈԱՃ-ի միջազգային օրը նշվել է հունիսի 12-ին, սակայն այս տարի` հունիսի 10-ին:

Ի դեպ, հաջորդ տարի միջազգային օրվան նվիրված ամենամյա կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում: Այն կազմակերպվում է Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության կողմից։ Նպատակն է` միավորել ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին քաղցկեղի խնդիրների շուրջ։ Կոնֆերանսն այն հարթակն է, որի միջոցով մասնագետները հնարավորություն են ունենում խոսելու քաղցկեղի բուժման արդի մոտեցումների, վաղ ախտորոշման առավելությունների և բուժման հնարավոր տարբերակների մասին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ