ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատգամավորը հիշատակել է, որ 26 տարի առաջ այս օրը՝ 1994 թվականի մայիսի 12-ին, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր, որը, չնայած անցած տասնամյակներում արձանագրված ամենատարբեր վայրիվերումներին ու զինադադարի տեղային կամ լայնածավալ խախտումներին, մինչև օրս էլ համարվում է հակամարտության հարաբերական խաղաղության պահպանումն ապահովող հիմնական, անկյունաքարային փաստաթուղթը։
«Հրադադարի մասին համաձայնագրի՝ մայիսի 12-ի ստորագրմանը նախորդել էր նախապատրաստական աշխատանք։ Մասնավորապես, 1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղըզստանի Հանրապետության, ՌԴ Դաշնային ժողովի և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Հայաստանի Գերագույն խորհրդի, Ադրբեջանի Միլի մեջլիսի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
Այս եռակողմ փաստաթղթի ստորագրումը մինչև օրս էլ համարվում է ղարաբաղյան հակամարտության ողջ գործընթացում արձանագրված մեծագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ դրանով ոչ միայն վերջ դրվեց հազարավոր կյանքեր խլած պատերազմին, այլ նաև դե յուրե, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ճանաչվեց Արցախի սուբյեկտայնությունն ու որպես հակամարտության լիիրավ կողմ հանդես գալու իրավունքը։ Հենց այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որը հետագայում ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Ցավոք, սակայն, 1998 թվականի հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած ուժերը, դիմելով աշխարհաքաղաքական արկածախնդրությունների, Արցախը դուրս մղեցին բանակցային գործընթացից, ինչը, դժբախտաբար, մեզ դեռևս չի հաջողվել վերականգնել մինչև այսօր։ Այդուհանդերձ, 1994 թվականի մայիսի 12-ի Հրադադարի համաձայնագիրը որևէ պարագայում չի կորցնում իր պատմական ու ռազմաքաղաքական նշանակությունը և շարունակում է կարևորագույն իրավական հիմք հանդիսանալ բանակցային գործընթացում։
Անցած ավելի քան երկու տասնամյակներին 1994 թվականին կնքված Հրադադարի համաձայնագիրը խախտվել է հարյուրավոր անգամներ, խախտվել է տեղային նշանակության ու, ցավոք, նաև լայնածավալ ռազմական գործողությունների դրսևորմամբ։ Դրանցից ամենամասշտաբայինը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որում մեր նվիրյալ զինվորների ու հրամանատարների ջանքերի ու, ցավոք, նաև կյանքի գնով Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին։ Այդուհանդերձ, չնայած ռազմի դաշտում մեր հերոսների ցուցաբերած արիության ու հերոսականության փառավոր դրվագներին, ապրիլյան պատերազմն ունեցավ նաև մեզ համար անբարենպաստ ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց թվում ամենաառանցքայինը 2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբների պետերի միջև ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունն էր, որում Արցախը հանդես չէր գալիս որպես հակամարտության կողմ։
Մինչ այսօր էլ ադրբեջանական քարոզչությունը այդ իրողությունը ներկայացնում է որպես սեփական հաղթանակ՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ 2016 թվականի ապրիլի 5-ի համաձայնությունը հետին պլան է մղում 1994 թվականի մայիսի 12-ի Հրադադարի համաձայնագիրը։ Սա, իհարկե, ադրբեջանական քարոզչության հերթական մանիպուլյացիան է. 1994 թվականի մայիսի 12-ի եռակողմ համաձայնագիրը որևէ կերպ չի կարող կորցնել իր նշանակությունը, այն այսօր էլ համարվում է բանակցային գործընթացի մաս կազմող, անբաժանելի իրավաքաղաքական ակտ։ Այդուհանդերձ, հավելյալ պարզաբանման կարիք ունեն 2016 թվականի ապրիլի 5-ին Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության հետ կապված իրողությունները, որոնց վրա, հուսանք, լույս կսփռի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը՝ իր եզրափակիչ զեկույցում։
Անկախ բոլոր այս հանգամանքներից, սակայն, 1994 թվականի մայիսի 12-ի Հրադադարի համաձայնագիրը համարվել ու համարվում է հայկական կողմերի կարևորագույն ռազմաքաղաքական ձեռքբերումներից մեկը՝ ռազմի դաշտում արձանագրված պանծալի հաղթանակների իրավական ամրագրումը և այդպիսով՝ մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3447194545309652