ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակող անձի ինքնությունը, մեխանիզմը:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակել է զբաղվել թմրամիջոցների, մասնավորապես՝ MDMB(N)-2201 տեսակի թմրամիջոցի՝ ապօրինի իրացմամբ:
Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեխանիզմը, թմրամիջոցի ձեռքբերմանն ու իրացմանն օժանդակած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1992 թվականին, ինչպես նաև բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿ հիմնարկում գտնվող անձը 27-ամյա կնոջ միջոցով, ով հիշյալ կալանավորի ընկերուհին է, թմրամիջոցը թաքցրել է Երևան քաղաքի տարբեր վայրերում և դրանք հասցեատերերին տրամադրվել են այն դեպքում, երբ գնորդները նրա կողմից տրամադրված վճարային հաշվեհամարներին փոխանցել են պահանջվող գումարը:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա կինը հայտնաբերվել է և ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի իրացմանն առնչություն ունեցած այլ անձանց, ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: