Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց հռչակագիր՝ Արցախի Հանրապետության հռչակման մասին։
4 կետից բաղկացած հռչակագրով՝ Արցախը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից՝ հռչակվելով անկախ, ու ձևավորվում էին պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմիններ։
Հանրապետության հռչակման գործընթացը հասավ իր ավարտին նույն թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում անցկացվեց հանրաքվե ու մասնակցածների 99 տոկոսից ավելին կողմ քվեարկեց անկախությանը։
Ցավոք, մինչ այժմ Արցախի ժողովրդի՝ սեփական հողում ինքնորոշվելու իրավունքը չի իրացվում մինչև վերջ ու միջազգային հանրության կողմից պաշտոնապես չկա ճանաչված Արցախի Հանրապետություն։ Այս իրավիճակը ձևավորվել է տարբեր օբյեկտիվ հանգամանքների ու սուբյեկտիվ սխալների հետևանքով։ Սակայն այժմ, երբ Արցախը, անկախ Արցախը հայտնվել է շատ ծանր իրավիճակում, ժամանակն է, որ յուրաքանչյուրս կենացներից անդին մեր ջանքը գործադրենք՝ Արցախի վերականգնման, ապրելու համար հարմար պայմանների ստեղծման, զարգացման ու հզորացման համար։
Azat TV-ի խմբագրականը շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ և մաղթում խաղաղ ու արժանապատիվ ապագա՝ սեփական հողում։