fbpx
Կառավարություն

5 տարվա ընթացքում 1,5 միլիարդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով․ վարչապետ

Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ և դա լինելու է առաջիկա մեր ամենակարևոր խնդիրներից մեկը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հայտարարություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես Զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այդ 2,5 միլիարդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով:

«Հիմա հարց, արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները, մասշտաբները որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք, այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերն ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ