ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև հուլիսի 24-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` ուղղված Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների գոյացման և հավաքման տվյալների շտեմարանի ու քարտեզի կազմմանը:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը:
Փոխնախարար Վաչե Տերտերյանը կարևորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտական ներուժի և միջազգային փորձի կիրառումն աղբի կառավարման գործընթացներում, հույս հայտնելով, որ այս հուշագրի ստորագրումն արդյունավետ և համապարփակ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Փոխնախարարը նշել է, որ ինտերակտիվ քարտեզը ոչ միայն ռազմավարական, այլ նաև մարտավարական կառավարման լավ գործիք կհանդիսանա հատկապես այս փուլում, երբ գործուն քայլեր են իրականացվում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման ուղղությամբ:
Իր հերթին, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ միջազգային փորձի կիրառումը լրացուցիչ աջակցություն կհանդիսանա ծրագրի դրական արդյունքներ ապահովելու համար:
Պիլոտային հիմունքներով իրականացվող նախագծի շրջանակներում կքարտեզագրվեն Հայաստանում գործող աղբանոցները և աղբավայրերը։ Շտեմարանը կներառի աշխարհագրական տեղեկատվություն աղբավայրերի մասին: Նախատեսվում է նաև մարզերից համապարփակ տեղեկատվություն հավաքել աղբահանության առկա գործելակերպերի վերաբերյալ, ինչը կնպաստի որոշումների ընդունման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Ակնկալվում է, որ տվյալների շտեմարանը և քարտեզը կանոնավոր կերպով՝ տարեկան երկու անգամ, կթարմացվեն: