Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։
Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորել և ինչ-որ գործողություններ է կատարել շիրմաքարերի մոտ։
Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին անեծքը հանելու համար։
Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։