Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունը լավագույնն է հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Հայկական ակումբները հաղթել են 8 խաղում, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի, կրել 4 պարտություն: Հայկական ակումբների՝ ՈՒԵՖԱ-ի գործակիցը ընթացիկ մրցաշրջանում կազմում է 2,25 միավոր:
Վերջին 5 տարվա ցուցանիշը հաշվի առնելով՝ (7,125 միավոր) Հայաստանը բարձրացել է 37-րդ հորիզոնական:
4 ակումբից երկուսը շարունակում են ելույթները. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կխաղա Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Հարևան երկրների ֆուտբոլային դիմակայությունը պատմականորեն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այս անգամ ևս լարված և ուշագրավ խաղեր են սպասվում:
Անկախությունից հետո առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը կխաղա Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմի հետ: Երևանի «Փյունիկն» ուժերը կչափի պորտուգալական լեգիոնով համալրված «Վուլվերհեմփթոնի» հետ: Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանը «Վուլվերհեմփթոնն» ավարտել է 7-րդ տեղում:
Որպես հավելում. այս պահին թիմերին ՈւԵՖԱ-ից տրվելիք գումարները կազմում են՝
1. «Արարատ-Արմենիա»՝ 1.080.000 €
2. «Փյունիկ»՝ 780.000 €
3. «Ալաշկերտ»՝ 500.000 €
4. «Բանանց»՝ 240.000€