Նախօրեին Ասկերանի շրջանի Պատարա համայնքում տեղի է ունեցել «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը:
Ողջունելով ճամբարականներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այս մի քանի օրերը նշանակալի դեր կունենան իրենց կյանքում և կստիպեն ՀՀ ու արտերկրի ուսանողներին, ճանաչելով Արցախը, կրկին վերադառանալ և միշտ լինել Արցախի բարեկամը:
ԱՀ պետնախարարը կարևորել է նման ճամբարների կազմակերպումը՝ հույս հայտնելով, որ դրանք հիմք կհանդիսանան տարբեր համալսարանների ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման համար:
Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ նշել է, որ ճամբարն իրականացնում է կարևոր առաքելություն:
Նախարարը հավաստիացրել է, որ հաջորդ տարի ուսանողներին հնարավորություն կտրվի ճամբարում հանգստի օրերը վայելել 1 շաբաթից ավելի:
«Կարծում եմ՝ ցանկացած երևույթ, որը կարոտ է ծնում, երանելի է: Իսկ ճամբարային կյանքը այդպիսին է: Վստահ եմ՝ ուսանողները կարոտելու են այստեղ անցկացրած օրերը»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:
Ճամբարում ուսանողների անցկացրած առօրյային անդրադարձել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ ճամբարի ամենամեծ խորհրդանիշը թերևս այն է, որ հաստատվեց դրա հավիտենականությունը, և Արցախի պետական համալսարանի ամառային դպրոց-ճամբարը, կազմակերպված ՀՀ ու Աբխազիայի, Օսեթիայի, Մերձդնեստրյան Հանրապետության եղբայր համալսարանների հետ, արդեն կլինի հավերժի ճամփորդ:
Ա. Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետության բուհերի ուսանողների համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը տեսանելի էր նաև ճամբարի օրերին:
Փակման հանդիսավոր արարողությանը ուսանողները հանդես են եկել հումորային ծրագրով, երգ ու պարով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
