fbpx
Կառավարություն

Արդարադատության նախարարն ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի, Աշոտ Կիրակոսյանի, Արթուր Քոչարյանի մայրերին և Արման Հովսեփյանի եղբորը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Նախարարի առաջարկով հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց հարազատների խնդիրները՝ կապված քրեական գործերի վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ կիրառման, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու նոր կարգավորման կիրառման, ինչպես նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգի հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ գործերի վերանայման իրավական հիմքերը նախատեսված են Քրեական դատավարության օրենսգրքով, որոնք են՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքները, և որ սահմանված է նաև գործերի վերնայման հարցով իրավասու կողմերի շրջանակը, որում Արդարադատության նախարարությունը չկա:

Ինչ վերաբերում է Նախարարության իրավասություններին առնչվող հարցերին՝ Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Նախարարությունը գործուն քայլեր կձեռնարկի թե՛ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու, թե՛ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և թե՛ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգավորումն առավել ճկուն դարձնելու ուղղությամբ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում քրեակատարողական հիմնարկներ կատարվելիք այցերի ընթացքում անձամբ կհանդիպի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց և կլսի նրանց հուզող հարցերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ