Kensington, Chelsea & Westminster Today ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույն մշակույթ ունեցող և համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք զբաղեցնող երկիր:
Ի դեպ, ամսագրի օգոստոսյան համարը հայոց այբուբենի նկարը պատկերող շապիկով է։
Տեղեկացնենք,որ Հայաստանի մասին պատմող հոդվածների հեղինակներն այս տարի այցելել էին Հայաստան: Նրանք մասնակցում էին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:
«Հայաստանը շարունակում է իր կարևոր ավանդը ներդնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ համաշխարհային գիտություն, դասական երաժշտություն, շախմատ, իսկ հայ ժողովուրդը հայտնի է այցելուներին ու հարևաններին ընդունող իր հյուրընկալ տեսակով»,- շեշտել են նրանք։
Հեղինակներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության թեմային: Նշված է, որ 1915-1922 թվականներին շուրջ 1.5 մլն հայեր Օսմանյան կայսրությունում սիստեմատիկ կերպով կոտորածի ենթարկվեցին իշխանությունների կողմից։ Միաժամանակ, գրում են, որ քաղաքական ճնշումների պատճառով այս սարսափելի ոճրագործությունը երբեք արդարացի ճանաչում չի գտել միջազգային հանրության կողմից։
Հեղինակների կողմից նշվում է նաև, որ Հայաստանն այդուհանդերձ դիմացել է ժամանակի փորձությանը և նոր թափով շարունակել ապրել, ծաղկել ու զարգանալ: