Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ խոսել է այն նախագծի մասին, որը ենթադրում է՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը, երբ հրաժարական տա, անկախ նրա տարիքից, կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:
«Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է տարբեր երկրներում: Դա ընդունված միջոց է անցումային շրջանների համար: Նախագծով նախատեսել ենք այդ միջոցը, սպասում ենք կառուցողական առաջարկների»,- նշեց Բադասյանը:
Լրագրողները մեջբերեցին Ալվինա Գյուլումյանի կարծիքը, որ չի «պատրաստվում անաշխատ եկամուտ ստանալ»:
«Ցանկացած պարագայում կենսաթոշակ ստանում է Սահմանադրական դատարանի դատավորը: Մեր առաջարկն է՝ հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկանի հարցը կարգավորելը: Այսինքն՝ ցանկացած դեպքում, եթե տրամաբանությամբ նայենք, բնականաբար դատավորը թոշակի գնալուց ստանում է որոշակի վարձատրություն պետության կողմից»,- արձագանքեց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք նպատակը Սահմանադրական դատարանի նատակը այս կազմից ազատվելն է, նախարարը պատասխանեց.
«Նպատակը Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված մոդելի Սահմանադրական դատարան ունենալն է»: