ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր ասել է, որ վարչապետին «Իսկանդեր»-ի վերաբերյալ ճիշտ չեն զեկուցել:
Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:
Վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմաարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:
Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Մանե Գևորգյանը:

