Կառավարությունն այսօր հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող ՊՆ 500 զինծառայող:
Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի վրա:
Ծրագրի շրջանակում զինծառայողին (համավարկառուին) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում`բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրեն տեղեկություններ են հասնում, որ երբեմն 30 տարվա չօգտագործված շենք է վերցվում, վերակառուցվում որպես բնակելի տուն:
«Ես մեկ-երկու նամակ ստացա ներդրողների կողմից, որ լավ կլինի քննարկել, որ էս կարգի շինությունները՝ հինգհարկանի շենք է, ոչ արտադրական տարածք է, հյուրանոց է եղել կամ չգիտեմ ինչ, 30 տարի խարխլվել է, հիմա վերցնում, բնակելի տուն են կառուցում: Կարգավորումներով՝ ոնց որ այս կարգի շենքերը չեն մտնում առաջնային շուկա ձևակերպման մեջ: Հանձնարարական տանք, այս հարցը նայեն․ մենք հնարավորություն ունենք: Սա նաև մարզերի բնակարանաշինության զարգացումը կխթանի»,- ասաց նա: