ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Տեղեկությունը հաստատել է նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա ասաց, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չհայտնեց:
Նշենք, որ երեկ նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել. չի բացառվում, որ այսօր դատարանը բողոքն ու միջնորդությունը կքննի միաժամանակ:
Մեր տեղեկություններով, երեկ Գագիկ Խաչատրյանը մեղադրանքի առաջադրումից հետո կրկին հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել ՊԵԿ նախկին նախագահին պատկանող տարածքներում: Քննչական գործողությունների ավարտից հետո Խաչատրյանն ու նրա եղբորորդին՝ կարեն Խաչատրյանը ձերբակալվել էին: Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս գործով Խաչատրյանը ԱԱԾ-ում մի քանի անգամ հարցաքննվել է:
Աղբյուրը՝ Armtimes.com