Կառավարությունն այսօր որոշեց՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառում են նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց: Նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով՝ բացառությամբ Երևան քաղաքի համար սահմանված չափերից:
Բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող՝ կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրվող՝ ՀՀ տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին տեղեկանքով: Դրա արդյունքում հստակեցվում է նաև այդ տեղեկանքի չներկայացման կամ տեղեկանքի համաձայն սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարած լինելու դեպքում բնակվարձի հաշվարկման դադարեցման և վճարված գումարների հետ վերադարձման գործընթացը:
Նախատեսվում է, որ բնակվարձի փոխհատուցման իրավունքը դադարում է նաև այն դեպքում, երբ շահառուն բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն և այն հանձնել է վարձակալությամբ: