ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը: Փոխնախարարը համառոտ ներկայացրել է փաստաթղթի հիմնական դրույթներն ու թիրախային ուղղությունները և ընդգծել, որ ռազմավարության կարևոր նպատակներից է գյուղմթերքի արտահանման աշխարհագրության ընդլայնումը և թիրախային երկրների դիվերսիֆիկացումը, որոնց թվում է նաև Ճապոնիան:
Այնուհետև կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի գնահատման կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Համաշխարհային բանկի միջոցով:
Ծրագրի հիմնական նպատակն է ոլորտում դիտարկումների իրականացման և տվյալների հավաքագրման գործիքակազմի բարելավումը: Քննարկվել է նաև ծրագրի շրջանակում վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Կարևորելով Ճապոնիայի փորձը գյուղատնտեսության բնագավառում տվյալների հավաքագրման հարցում` Արտակ Քամալյանը նշել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։