Հյուսիսային Կորեան Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային մեղադրել է սպառազինության արդիականացման նպատակով ինքնապաշտպանության միջոցառումներին միջամտելու մեջ՝ հայտարարելով, որ Արևմուտքը լրջորեն սխալվում է՝ կարծելով, թե Փհենյանը կհրաժարվի զենք ունենալու իր իրավունքից, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է խաղաղության ապահովման համար:
Կորեա-Եվրոպա ասոցիացիայի խորհրդական Կիմ Սոն Գյոնը, ի պատասխան 3 երկրների համատեղ հայտարարության, որոնք դատապարտում էին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների կրկնակի սադրիչ արձակումները, հայտարարել է, որ ազգային անվտանգության պաշտապանությունը ավելի է կարևորվել այն բանից հետո, երբ տեսել են երկրների, որոնց ճակատագրերը արևմտյան տերությունները մասերի են բաժանել՝ կապված միջազգային հանրության ճնշման և հաշտեցման ներքո զինաթափման արևմտյան պահանջներին զիջելու հետ:
Ընդգծելով Հյուսիսային Կորեայի անվտանգությունը պաշտպանելու ունակության կարևորությունը՝ հայտարարության մեջ հիշատակվում է միջազգային հարաբերությունների ընթացիկ վիճակը, որտեղ թույլերը հազիվ թե կարողանան որևէ մեկին դիմել, չնայած և ենթարկվում են ուժեղների կողմից հարձակումների:
«Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան իրավունք չունեն քննադատելու որևէ կողմի, քանի որ փողի հետևից նրանց մրցավազքը հանգեցրել է Հարավային Կորեային իրենց ռազմական տեխնիկայի վաճառքին, չնայած Կորեական թերակղզում խաղաղություն և անվտանգություն ցանկանալու մասին հայտարարություններին: Հյուսիսային Կորեան եվրոպական երկրների հետ լավ հարաբերություններ է ցանկանում, իսկ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան «պետք է ազատվեն իրենց կոշտ ու կողմնակալ մտածողությունից և օգնեն լարվածության թուլացմանն ու Կորեական թերակղզում խաղաղության ապահովմանը»,- նշված է հայտարարության մեջ
Եվրոպացիները Հյուսիսային Կորեային մեղադրել էին ՄԱԿ պատժամիջոցները խախտելու մեջ և Կիմ Չեն Ընին կոչ էին արել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը շարունակել ու առաջընթացի հասնել ապամիջուկայնացման գործում, որը, նրանց խոսքով, Կորեական թերակղզում և տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավորման միակ միջոցն է:
Եվրոպական 3 երկրներն իրենց հայտարարության մեջ ընդգծել էին, որ միջազգային պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան և ամբողջությամբ ու անշեղորեն կատարվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը և բալիստիկ հրթիռները չեն ոչնչացվել: