fbpx
Էկո

Մեկնարկել են Էկոլոգիական քաղաքականության և տեղեկատվության մասին օրենքների նախագծերի մշակման աշխատանքները

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել են «Էկոլոգիական քաղաքականության մասին» և «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի և հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:

Նախագծերի մշակման գործընթացում հանձնաժողովի և ՄԱԿ-ի ԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և օգտագործում» ծրագրի միջև համագործակցության արդյունքում տրամադրվելու է փորձագիտական աջակցություն:

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ նախագծերն առանցքային նշանակություն ունեն ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգն ամբողջացնելու համատեքստում: Մասնավորապես, «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը պետք է սահմանի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտի հիմնական գործիքները և իրավական ինստիտուտները: Դրանք պետք է ներդաշնակորեն զուգորդվեն ճյուղային օրենքներում ամրագրված գործիքների հետ:

Օրենսդրական նախաձեռնություններն առաջիկա երկու ամսում, ըստ բովանդակային բաժանումների, քննարկվելու են հանձնաժողովում ձևավորված աշխատանքային խմբերում:

Հանրության շահերին առնչվող այս նախագծերի ընդլայնված քննարկմանը կհրավիրվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները կարևորել և հրատապ են համարել վերոնշյալ, ինչպես նաև բնապահպանությանն ու շրջակա միջավայրին, հանքարդյունաբերությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների և հայեցակարգերի մշակումն ու ընդունումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ