ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է հերթական նիստ:
ՀՀ կառավարության որոշմամբ հետաձգվել է երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, ԵԱՏՄ և տարածաշրջանի երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների մասնակցությամբ քննարկվել են Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրներ:
Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից հանձնաժողովի նախագահը կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը և ընդգծել, որ դրանք շարունակական կլինեն:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի խնդիրներին, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մեր երկրին տրված որոշ արտոնությունների ավարտին և արտոնությունը շարունակելու կոնսեսուսի ձեռքբերման հնարավորությանը և այլն:
Մասնակիցներն անհրաժեշտ են համարել խորհրդարանական շփումների ընթացքում բարձրաձայնել ԵԱՏՄ միասնական շուկայում արգելքների վերացմանն առնչվող հարցերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մեր երկրի համար կարևոր հարցերում դեսպանների դերակատարությանը: