fbpx
Սպորտ

Բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը հանդես կգա գերմանական TSV Trittau ակումբում

Հայաստանի առաջատար բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա գերմանական TSV Trittau ակումբում։ Ասում է՝ մեծ փորձ կուտակելու հնարավորություն ունի երկրորդ բունդեսլիգայում, որը բավականին ուժեղ է ու համալրված է փորձառու խաղացողներով։

«Առաջարկներ կային դանիական, իսպանական ու գերմանական ակումբներից։ Երկու տարի դանիական լիգայում եմ հանդես եկել, այս անգամ նոր փորձություն էի ուզում։ Գերմանական լիգան բավականին ուժեղ ու փորձառու խաղացողներ ունի ու ինքս էլ մեծ փորձ կուտակելու հնարավորություն ունեմ, որովհետև հետո նույն խաղացողներին հանդիպում եմ նաև միջազգային մրցաշարերում»,- ArmSport-ի հետ զրույցում պատմել է Լիլիթ Պողոսյանն ու նշել, թե ինչն է իրեն գրավել նոր ակումբում։

«Ընտրեցի Trittau-ն, որովհետև պայմաններն ավելի հարմար էին»,- խոստովանում է մեր մարզուհին։

Լիլիթ Պողոսյանը կշարունակի ապրել ու մարզվել Դանիայում` Հոլբեկի միջազգային մարզումային կենտրոնում, իսկ լիգայի խաղերին` շաբաթ ու կիրակի օրերին կմեկնի Գերմանիա։ Մինչև դեկտեմբեր Լիլիթի թիմի համար 9 հանդիպում է նախատեսված, երկուսն արդեն խաղացել են՝ տանելով երկու հաղթանակ (5:2, 4:3).

«Դրա հետ մեկտեղ միջազգային մրցաշարերի եմ մասնակցելու, պիտի կարողանամ համատեղել։ Խաղային գրաֆիկս շատ խիտ է լինելու, բայց դա ավելի կհետաքրքրացնի իմ սպորտային կյանքը ու դրական ազդեցություն կունենա մարզավիճակիս բարելավման վրա։ Թիմում հիանալի մթնոլորտ է։ Չորս տղաներն արդեն մի քանի տարի է նույն թիմում են հանդես գալիս, Գերմանիայից են։ Ես ու Պերուն ներկայացնող Դանիելա Մասիասը, ում հետ նաև կանանց զուգախաղերով եմ հանդես գալիս լիգայում, թիմի նորեկներն ենք»,- ասում է Լիլիթ Պողոսյանը։

Մեր մարզուհին, որը հունիսին Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում հանդես էր գալիս վնասվածքով, չէր կարողացել հաղթահարել խմբային փուլը՝ տանելով մեկ հաղթանակ ու կրելով 2 պարտություն: Լիլիթն ասում է՝  վնավածքը դեռ վերջնական չի բուժվել.

«Օգոստոսի 1-ից եմ վերսկսել մարզումներս, բայց լիովին սկսեցի թիմի հետ մարզվել սեպտեմբերի 2-ից։ Ամբողջ հուլիսը Երևանում էի, արձակուրդում եմ եղել ու չեմ մարզվել, բայց վնասվածքի լիովին ապաքինման համար 2-3 ամիս դադար էր հարկավոր։ Հիմա մարզումների հետ համատեղելով վերականգնողական պրոցեսն ավելի երկար կտևի` 5-6 ամիս»,- ասում է մեր մարզուհին ու ընդգծում, որ Եվրոպական խաղերից, այդուհանդերձ, միայն վառ հիշողություններ ունի:

«Սպորտային մտածելակերպս փոխվել է ու ինքս ինձ վրա ավելի վստահ եմ դարձել։ Մարզվելու ու ուժեղանալու մոտիվացիաս շատ մեծ է խաղերից հետո։ Լավագույնների հետ պայքարելը մեծ փորձ ու վստահություն տվեց։ Ու նաև ինքս ինձ ապացուցեցի, որ իմ աշխատանքով բարձունքների կարող եմ հասնել։ Հիմա ինձ ավելի պրոֆեսիոնալ եմ զգում։ Ավելի կազմակերպված առօրյա ունեմ ու եթե կորտում կամ մարզասրահում չեմ, ուրեմն իմ հոգեբանական կողմի վրա եմ աշխատում։ Հիմա ավելի մեծ հավատ ունեմ, որ եթե լիովին նվիրվեմ սպորտին, ուրեմն սպորտն ի վերջո որևէ դրական ձևով դա ինձ հետ կվերադարձնի»։

Արդեն այս ամիս՝ սեպտեմբերի 26-29-ը Լիլիթ Պողոսյանը չեխական Բռնո քաղաքում կմասնակցի Czech Open միջազգային մրցաշարին։ Այնուհետև՝ հոկտեմբերին, մեր առաջատար բադմինտոնիստուհին կխաղա նաև Cyprus International մրցաշարում:

Աղբյուրը՝ Armsport.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ