Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թթ․ ջրամատակարարման ծառայություններ մատուցելիս մի շարք խախտումներ է թույլ տվել։
Տեղեկությունները ստուգելու համար ձեռնարկվեցին ծավալուն միջոցառումներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ պարզվել է, որ «Շիրակ» ջրոգտագործողների ընկերության տնօրինությունը խախտումներ է թույլ տվել՝ օգտվելով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց պարտականությունների անբարեխիղճ և ոչ պատշաճ կատարելուց առաջացած հնարավորությունից։ Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների՝ ընկերության տնօրինությունն անձամբ և այլ աշխատակիցների ներգրավելով, լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտել է 2017-2019 թթ․ ընթացքում բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու պայմանագրի պահանջները, չի տեղադրել չափիչ-հաշվառող սարքեր՝ բաժանորդներին զրկելով մատակարարող ոռոգման ջրի ծավալները հսկելու հնարավորությունից։
Անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնատար անձինք թաքցրել են ջրամատակարարման ընթացքում առաջացած 70% ջրի իրական կորուստի ծավալների մի մասը՝ դրանք հավելագրելով ջրօգտագործողների տուրքերին, իսկ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում։ Այս պահին հայտնի տվյալներով՝ փաստացի ուռճացված ծառայությունների դիմաց բաժանորդներից հավաքագրել են 26 միլիոն դրամից ավելի գումար, իսկ պետությունից ստացել՝ 31 միլիոն դրամից ավելի սուբսիդավորման գումարներ։
Պարզվել է նաև, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը, հաստատապես իմանալով ընկերությունում որպես պոմպավար գրանցված 7 աշխատակիցների աշխատանքի չհաճախելու և պարտականությունները չկատարելու մասին, հաստատել է աշխատանքի կանոնավոր ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի կեղծ տեղեկագրեր՝ դրանք ներկայացնելով վճարման։ Ըստ նախնական տվյալների՝ վատնման եղանակով հափշտակվել է մոտ 1,5 միլիոն դրամ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։