fbpx
Աշխարհ

ԱՄՆ պատմության երրորդ նախագահը, որ առերեսվում է իմպիչմենտի հետ

Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության երրորդ նախագահն է, որն առերեսվում է իմպիչմենտի լսումների հետ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են բաց լսումներ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու շուրջ:

Ամերիկացի երկու դիվանագետներ վկայություն են տվել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով, ըստ որի՝ նախագահ Թրամփը լիազորել էր իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին զբաղվել Ուկրաինայի հարցով ի շահ սեփական քաղաքական նպատակների: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

«Ինձ համար տարօրինակ էր և անսովոր նման մոտցեցումը Ուկրաինայի քաղաքականության հարցում: Փաստորեն, առկա էին այս ուղղությամբ ամերիկյան քաղաքականության իրականացման երկու խողովակներ, որոնցից մեկը՝ սովորական, իսկ մյուսը՝ չափազանց առանձնահատուկ»,- նշել է դեսպան Վիլիամ Թեյլորը:

Դեսպան Թեյլորը և ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Քենթը նշել են, որ Թրամփին ավելի շատ հետաքրքրում էր Ուկրաինային տրամադրվող օգնությունը իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսելու տեսանկյունից:

Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հանձաժողովի նախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով իմպիչմենտի գործընթացը պետք է բացահայտի, թե արդյոք նախագահ Թրամփը փորձել է օգտագործել օտար երկրի խոցելիությունը և հնարավորությունները ԱՄՆ ներքաղաքական կյանքում, արդյոք նա չարաշահել է իր իշխանությունը և որքանով է այս ամենը համատեղելի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ:

Սակայն նախագահ Թրամփը հերքում է որևէ օրինախախտում՝ նվազեցնելով այս գործընթաի կարևորությունը և այն համեմատելով հեռուստատեսային շոուի հետ:

Հանրապետականները ևս աջակցում են Թրամփին՝ պնդելով, որ օգնությունը Ուկրաինային ի վերջո տրամադրվել է, սակայն որևէ հետաքննություն Բայդենների վերաբերյալ Ուկրաինայում այդպես էլ չի սկսվել:

Սոցիոլոգիական հարցումները սակայն ցույց են տալիս, որ հանրության զգալի հատվածը աջակցում է իմպիչմենտի գործընթացը: Դեմոկրատները հույս ունեն այս հարթակի վրա հասնել քաղաքական հաղթանակի:

«Իմպիչմենտը քաղաքական գործընթաց է: Սահմանադրությունն այն դիտարկոմ է հենց այս կտրվածքով»,- ասում է Սուսան Լո Բլոչը Ջորջթաուն համալսարանից:

Հանձնաժողովը մինչև մյուս շաբաթվա վերջ կլսի ևս 9 վկաներին, իսկ մինչև տարվա վերջ իմպիչմենտի վերաբերյալ հարցը կդրվի քվերակության Ներկայացուցիչների պալատում: Եթե օրինագիծը անցնի, ապա այն կտեղափոխվի Սենատ, որը պետք է վերջնական որոշում կայացնի նախագահի հեռացման կամ հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ