Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը արդեն երկար ժամանակ է չէր կարողանում հաղթել Նովակ Ջոկովիչին։ Նա 2015 թվականից ի վեր պարտվում էր սերբ թենիսիստին։
Սառույցը կոտրվեց Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ առաջնությունում․ Ֆեդերերը հաղթեց Ջոկովիչին 2 սեթում՝ համապատասխանաբար 6-4 և 6-3 հաշիվներով։
Խաղից հետո շվեյցարացին նշել է, որ չգիտեր պարտությունների այդ շարքի մասին։
«Ես չգիտեի, որ արդեն մի քանի տարի չեմ հաղթել Նովակին։ Ես նման զգացողություն չունեի։ Ես մոտ էի Փարիզում և Ուիմբլդոնում հաղթանակին։
Անկեղծ ասած, ես զգում էի, որ հնարավորություն կունենամ։ Պարզապես գոհ եմ իմ խաղի մակարդակից։ Իհարկե, Նովակի նկատմամբ հաղթանակը միշտ էլ յուրահատուկ իրադարձություն է», – Ֆեդերերի խոսքերը մեջբերում է առաջնության պաշտոնական կայքը։
Հաղթանակից հետո թենիսիստը դուրս եկավ առաջնության կիսաեզրափակիչ։