fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն առաջին անգամ ներկայացված է եղել ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և IMD բիզնես դպրոցի կողմից իրականացվող ծրագրին

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ամալյա Գրիգորյանը դարձել է ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, ով մասնակցել է ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և IMD բիզնես դպրոցի կողմից իրականացվող համատեղ ծրագրին ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում:

7-րդ տարին անընդմեջ ՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն և IMD բիզնես դպրոցը կազմակերպում են ուսուցման ծրագիր, որին կարող են մասնակցել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր 211 ասոցիացիաներում գործունեություն ծավալող կանայք: Ընդհանուր առմամբ 12 մասնակից ընտրվում է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաներից և 12 անդամ՝ ՖԻՖԱ-ի անդամ մնացած ասոցիացիաներից: Ամալյա Գրիգորյանը դարձավ այն 24 կանանցից մեկը, ով, չնայած բարձր մրցակցությանը, ընդգրկվեց ծրագրի մասնակիցների թվում: Հաշվի առնվեցին ինչպես երկար տարիների աշխատանքային փորձը, այնպես էլ կառավարման ոլորտում նրա ունեցած բարձր դիրքը՝ որպես կին-պաշտոնյա: «Կանայք ֆուտբոլում լիդերության ծրագրի» նպատակն է հնարավորություն ընձեռել ֆուտբոլում կառավարման գործունեություն ծավալող կանանց բարելավելու իրենց լիդերության և ղեկավարման հմտությունները:

«Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, որ հնարավորություն ստացա մասնակցելու «Կանայք ֆուտբոլում լիդերության ծրագրին»: Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պատմութան ընթացքում նմանատիպ ծրագրի մասնակցած առաջին ներկայացուցիչը: Ուրախ եմ, որ ՀՖՖ-ն հնարավորություն է ընձեռում կանանց ավելի ակտիվ և պատասխանատու գործունեություն ծավալել ֆուտբոլի կազմակերպման մեջ: Այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց ամրապնդելու իմ լիդերության հատկանիշները, ավելի հմուտ դառնալու կառավարման մեջ: Մասնակցելով այս ծրագրին՝ ևս մեկ անգամ հասկացա, որ Հայաստանն ակտիվ քայլերով առաջ է գնում դեպի հավասար հնարավորությունների ստեղծում կանանց և տղամարդկանց համար: Կանանց ներգրավվածությունը կառավարման ոլորտում դարձնում է կազմակերպության աշխատանքն ավելի բազմաբովանդակ, բարձրացնում է արդյունավետությունը և դառնում է հաջողության հասնելու գրավականներից մեկը: Գիտեմ շատ կանանց և աղջիկների, ովքեր աշխատում են ի նպաստ հայկական ֆուտբոլի, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որպեսզի այս կանայք դառնան ավելի պահանջված և գնահատված»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց Ամալյա Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ