Իրավական

Նպատակ ունեն շահարկել ամեն ինչ․ Լևոն Քոչարյանը՝ Աշոտ Կարապետյանի մահը պատահական չհամարելու մասին

Դա ստորություն է, որը մեզ համար զարմանալի չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը պատահական չէր, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով վկա էր:

«Չեմ զարմանում նման բան տարածող մարդկանց վրա: Այն մարդիկ են նման բաներ խոսում, որոնք ամեն ինչի մեջ բան են փնտրում: Իրենք թքած ունեն թե՛ մարդկային զոհերի վրա, թե՛ խոշոր հաշվով մարտի 1-ի տուժողների վրա: Իրենք նպատակ ունեն ամեն ինչ, որը կարող են օգտագործել մեր դեմ, շահարկեն, դա են անում:

Նույնը փորձում էին անել Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ կապված: Դա ստորություն է, որը մեզ համար զարմանալի չէ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Քոչարյանը:

Նա նաեւ հերքեց լուրը, թե «Վերնատուն» ակումբի ֆինանսավորման հետ իրենց ընտանիքը առնչություն ունի:

Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով վերջինս իրեն ազատել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից, Լևոն Քոչարյանն ասաց. «Որքան ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ինչը նա արել է»:

Նա անդրադարձավ նաև մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիաների ժամանակ տեղի ունեցող միջադեպերին.։

«Ինչ-որ մի հոգի փորձում է ինքնահաստատվել, ինչ-որ նման բաներ են անում, որ իրենց նկատեն իշխանությունները: Եթե չեն սխալվում այդ նույն մարդիկ են, որ «Հայելի» ակումբի վրա էին գործողություններ արել»,-ընդգծեց Լևոն Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ