ԱՄՆ-ի վերջերս գաղտնազերծած փաստաթղթերը բանակցային գործընթացի վերաբերյալ հայաստանյան քաղաքական դաշտում մեկնաբանվել են դերակատարներից յուրաքանչյուրն իր դիրքերից։ Չքննարկենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Հայաստանի ճիշտ ու սխալ քաղաքականություններն ու ղեկավարներին։ Դիտարկենք թուրքական շահը թուրքական տեսանկյունից՝ անդրադառնալով կարևոր իրադարձությունների հայկական իրականության մեջ։
Ի սկզբանե Ղարաբաղյան շարժման գաղափարը եղել է ԼՂ-ի միացումը Հայաստանին։ Դա եղել է Արցախում ապրող հայերի նպատակը, քանի որ դրա հիմքում եղել է՝ կյանքի և ապահովության կենսական պահանջը։ Հայաստանի հանրության համար Միացման գաղափարը դիտարկվել է որպես ազգակիցների փրկությունն ապահովելու միջոց, որի լուծման համար ներդրվել են բոլոր հնարավոր միջոցները։ Հանրությունը համախմբված է եղել այս գաղափարի շուրջ։ Միացում գաղափարը եղել է այն հիմքը, որի վրա առաջացել է մեծ, համաժողովրդական էներգիան։ Թուրքական քաղաքականությունը նպատակ է ունեցել աղճատել և մարել այդ էներգիան։
1992թ.-ին բանակցությունների ընթացքում քննարկվել է Մեղրին՝ Արցախի դիմաց փոխանակման առաջարկը։ Ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերի (տես այստեղ) պարզ է դառնում, որ այդ առաջարկի արմատները թուրքական են։ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992-ի ապրիլի 28-ին այդ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերին։
1992-ի նոյեմբերին Հայաստանը բանակցային սեղանին հանդես է եկել մի առաջարկով, որը կարելի է համարել՝ պատասխան էր Թուրգութ Օզալի առաջարկին, ինչը շատ նման է այժմեական «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Մանրամասները ՝ «Բանակցություններ՝ Երասխ-Նախիջևան սահմանին» տեսանյութում.
Հայկական կողմի առաջարկը՝ բեռների ազատ տեղաշարժ Հայաստանի ողջ տարածքով, ադրբեջանական կողմը մերժում է՝ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ և վերջնականապես հրաժարվում Հայաստանի առաջարկից: Այսպիսով, ադրբեջանական կողմը հրաժարվելով բեռների ազատ տեղաշարժի առաջարկից՝ տապալում է «Մեղրին-Արցախով» փոխանակման Օզալի ծրագիրը։
1992թ. հունիսի 12-ից Ադրբեջանը Արցախում սկսեց լայնամասշտաբ հարձակում բոլոր ուղղություններով։ Արդյունքում 1994-ին զինադադար է կնքվում, և հայկական կողմին առաջնորդող Միացում գաղափարը հաղթանակ է տանում։ Հայերի միասնական հաղթանակը ևս մեկ անգամ թուրքական դիվանագիտությանը հուշում է, արդեն 1997 թ-ին, որ իրենց թիրախը՝ Միացում իդեան է, որը պայքարելու մեծ էներգետիկ աղբյուր է հայերի համար։
Արցախյան առաջին պատերազմից հետո թուրքական հատուկ ծառայությունները մանրակրկիտ ուսումնասիրել են Հայաստանի սոցիալ-հոգեբանական վիճակը։ Նրանք ոչ միայն հայտնաբերել են հայերի միասնականության աղբյուրը, այլև գտել են պառակտման բանալին։ Պառակտման բանալին այն էր, որ Արցախի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին հակադրեին միմյանց, որպեսզի «Միացում» գաղափարի էներգիան չեզոքացվեր։ Այդ պլանը աշխատելու դեպում՝ տարածքների և ճանապարհների հարցը ինքնաբերաբար լուծվելու էր։
1997-ին՝ Արցախը-Մեղրիով փոխանակման առաջարկը նորից մտավ բանակցային գործընթացի մեջ, բայց Հայաստանը հրաժավում է այն քննարկելուց։ Իսկ 1999թ-ին Հեյդար Ալիևի առաջարկով՝ Մեղրին-Արցախով փոխանակելու առաջարկը գաղտնի մտնում է բանակցային գործընթացի մեջ։ Իրավիճակը շատ բարենպաստ էր թուրքական պլանը իրականացնելու համար Լևոն Տեր Պատրոսյանի հրաժարականից հետո։ Հայաստանում հաստատվել էր երկիշխանություն և առկա էին սուր հակադրություններ Ղարաբաղի ծագում ունեցող՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի միջև։ Հակադրությունը ոչ միայն առկա էր վարչակազմի ներսում, այլև տարածվել էր հասարակության լայն շրջանակներում, ինչը պայմանավորված էր հովանավորչական դրսևորումներով և նոր օլիգարխիկ համակարգի ձևավորմամբ
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը համաձայնվել բանակցել տարածքների փոխանակման օրակարգով՝ մնում է պատմության կամ իրավապահների բացահայտման հարցերից մեկը։ Միգուցե նա չի հասկացել, թե ինչ ծուղակ է դա, կամ հասկացել է ու գիտակցաբար է ներգրավվել այդ գործընթացում։ Ամեն դեպքում Քոչարյանը գիտակցել է, որ բանակցությունները բացահայտվելու պարագայում հայաստանցին (մեղրեցին, երևանցին և այլք) դրան չեն համաձայնվելու, իսկ արցախցին անհարմար (բարոյական տեսակտից) դիրքորոշման առաջ է կանգենլու։
Թուրքական պլանի տեսանկյունից նպաստավոր կլիներ, եթե դրա հետևանքով Հայաստանում այս երկու քաղաքական առանցքները բախվեին։ Սակայն հակադրության կուլմինացիոն պահին տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Այդ ահաբեկչության հետևանքով սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և իրենց թիմակիցները։ Ճիշտ է՝ դրանից հետո հնարավոր եղավ խուսափել Հայաստան-Արցախ ներազգային բախումներից, բայց դա տեղի ունեցավ նաև թուրք- ադրբեջանական կողմերի շնորհիվ, որոնք չբացահայտեցին գաղտնի բանակցություների մասին տեղեկություններ։
Ըստ ԱՄՆ գաղտնազերծված փաստաթղթերի, Ալիևը և Քոչարյանը դիմել են Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելին, որ իրանց համաձայնությունը մնա խիստ գաղտնի պայմաններում։ Դեմիրելը խոստացել է ՝ տեղեկությունը սենյակի սահմաններից դուրս չի գա։ 1999 թ-ին Թուրքիան հայկական Միացում իդեան տապալելու նախագիծը միջնաժամկետից տեղափոխվեց երկարաժամկետ նախագծերի շարք։ Թուրք-ադրբեջանական քաղաքականությունը, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, նպատակ ուներ նպաստել ներքին պառակտման ձևավորմանը։
Այս իրադարձությունները կարևոր են հասկանալու Հայաստանի քաղաքական անցյալը և դրա հետևանքները ներկայիս տարածաշրջանային հարաբերությունների ու գործընթացների վրա։
Հեղինակ՝ Արման Վարդանյան
