Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019թ.-ի հունվարի 22-ին կստորագրեն Ֆրանս-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը։ Պայմանագրի ստորագրումը տեղի է ունենալու Գերմանիայի Աախեն քաղաքում։ Այս մասին հայտնում է sputniknews-ը։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ, նոր պայմանագիրը հիմնված է լինելու 1963թ.-ի Ելիսեյան պայմանագրի վրա, որը մեծապես նպաստել է Ֆրանսիայի ու Գերմանիայի պատմական հաշտեցմանը։ Նոր պայմանագրի նպատակն է նպաստել 2 երկրների միջև մերձեցմանն ու պատրաստվել 21-րդ դարում երկրների առաջ ծառացած մարտահրավերներին։
Նշվում է, որ 1963թ.-ի հունվարի 22-ին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլն ու Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը ստորագրեցին Համագործակցության պայմանագիր Ելիսեյան պալատում, որն ամրագրեց Գերմանիայի ու Ֆրանսիայի հետպատերազմական հաշտեցումը։