Գերմանիայի քաղաքացիներն աշխարհի համար ավելի մեծ սպառնալիք են համարում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, քան ԿԺԴՀ-ի և Իրանի ղեկավարներ Կիմ Չեն Ընին և այաթոլլա Ալի Համենեիին: Այս մասին վկայում են YouGov ամերիկյան հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները։
Հարցումը, որն անցկացվել է գերմանական DPA լրատվական գործակալության պատվերով, ցույց է տվել, որ գերմանացիների 41 տոկոսը Թրամփին աշխարհի ամենավտանգավոր ղեկավարն է համարում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՉԺՀ-ի, ԿԺԴՀ-ի, Իրանի ղեկավարների թվում:
17 տոկոսը Կիմ Չեն Ընին է նշել որպես գլխավոր սպառնալիք, 8-ական տոկոսը նշել է Խամենեիին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 7 տոկոսն ընտրել է ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինին:
Անցյալ տարվա համանման հարցման արդյունքների համեմատությամբ ձայների բաշխման պատկերը մնացել է գրեթե նույնը, բայց բոլոր ղեկավարների ցուցանիշները նվազել են: Անցյալ տարվա հարցման արդյունքներով՝ Թրամփին գլխավոր սպառնալիք էր համարում հարցվածների 48 տոկոսը, Կիմ Չեն Ընին՝ 21 տոկոսը, Պուտինին՝ 15 տոկոսը: Այդ ժամանակ՝ 2018 թվականի ապրիլին, մասնակիցներին ընտրություն էին տրամադրել այս երեք ղեկավարների միջև: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 16-18-ին, դրան մասնակցել է 2024 մարդ: