fbpx
Իրավական

ՄԻՊ դիրքորոշումը՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավական դիրքորոշում է ներկայացրել ՀՔԾ-ի տեղեկությունների հիման վրա Հանրային հեռուստաընկերության տեսանյութի վերաբերյալ։

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով լրագրողական բազմաթիվ հարցումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հրապարակել այդ հարցի առնչությամբ իր իրավական դիրքորոշումները:

1․Անմեղության կանխավարկածի սկզբունքն արդար դատաքննության իրավունքի անփոխարինելի բաղադրիչ է: Այս հիմնարար սկզբունքի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց ու լրատվամիջոցներին՝ յուրաքանչյուրին ըստ իրավասության կամ կարգավիճակի:

2. Իրավական ցանկացած ընթացակարգ պետք է իրականացվի դրա համար նախատեսված պարտադիր կանոնների խստիվ պահպանմամբ: Այդ պարտադիր կանոններից շեղումը չի կարող արդարացվել անգամ իրավաչափ որևէ նպատակով:

3. Անկյունաքարային նշանակության այդպիսի պահանջ է քրեադատավարական ցանկացած ընթացակարգի ժամանակ անմեղության կանխավարկածի երաշխավորումը: Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Այն պետք է խիստ պահպանվի ցանկացած գործով վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ արարքի մասին է խոսքը, հասարակության շրջանում ինչ վարկ ունի անձը և այլն:

4. Այս պահանջն առաջնահերթ ուղղված է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց և նշանակում է, որ նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:

5. Իրենց հրապարակային դիրքորոշումներում կամ հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն մարմինները, որոնք պատասխանատու են քրեական հետապնդման համար և ում քաղաքացին ընկալում է պետության՝ իրավախախտումների, այդ թվում նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտի մարմին:

6. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով փաստաբանը բարձրացրել է նաև տեսանյութի հրապարակմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման հարց: Ըստ այս օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները պետք է կատարվեն՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Օրենսդրական այս պահանջն ունի հատուկ նպատակ. այն լրացուցիչ երաշխիք է, որ պետք է պարտադիր հաշվի առնվի քրեական վարույթի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցանկացած գործողություն կատարելիս այդ վարույթի կամ ՍԴ դատավորի մասնակցությամբ գործողության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցում:

7. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ արձանագրել, որ դատական ու իրավապահ մարմինների գործունեության, այդ մարմիններում քննվող գործերի վերաբերյալ տեղեկություններ լրատվամիջոցներով ստանալը մարդու հիմնարար իրավունքներից է: Դա խոսքի ազատության կարևոր բաղադրիչ է: Հետևաբար, լրագրողները պետք է ունենան քրեական արդարադատության ոլորտին վերաբերող տեղեկություններ ստանալու և ազատորեն տարածելու հնարավորություն:

8. Դրա հետ միասին, Հայաստանի միջազգային պարտավորությունները կոնկրետ քրեական գործերին վերաբերող տեղեկություններ լրագրողների տարածելու հարցում առաջադրում են հատուկ պահանջներ: Մասնավորապես, «Լրատվամիջոցներով քրեական վարույթներին վերաբերող տեղեկությունների տրամադրման մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս է: Ըստ նշված միջազգային կանոնի՝ հետևաբար, ընթացիկ քրեական վարույթին վերաբերող կարծիքները և տեղեկությունները կարող են տրամադրվել կամ տարածվել լրատվամիջոցներով, եթե դա չի խախտում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Նույն հանձնարարականը մեղադրյալին վերապահում է պաշտպանության արդյունավետ միջոցի հնարավորություն, եթե խախտվել է արդար դատաքննության իրավունքը:

9. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Լրագրության էթիկայի մասին» թիվ 1003 (1993) բանաձևի 22-րդ կետի համաձայն՝ լրագրության մեջ տեղեկությունները և կարծիքները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, հատկապես այն գործերով, որոնք դեռ ավարտված չեն և պետք է ձեռնպահ մնալ գնահատականներից:

10. Հետևաբար, անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը պետք է պահպանվի նաև լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքում:

11. Անդրադառնալով ուսումնասիրված տեսանյութին՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նախ, մեջբերվող տեղեկությունները, որ ըստ տեսանյութի՝ տրամադրել է Հատուկ քննչական ծառայությունը, խնդրահարույց են անմեղության կանխավարկածի տեսանկյունից: Ուստի, լրատվամիջոցին տվյալներ տրամադրելիս քննչական մարմինը ցանկացած պարագայում պարտավոր է անմեղության կանխավարկածի հետ կապված անհրաժեշտ բոլոր վերապահումներն անել կամ ընտրել այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն խախտի անմեղության կանխավարկածն ու նախաքննության տվյալների հրապարակման իրավասության չարաշահման հարց չեն առաջացնի: Դրանից բացի, լրատվամիջոցն ինքը պարտավորություն ունի հրապարակելու միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն խախտում անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջը:

12. Հղումը պետական մարմնի վրա ինքնին չի կարող համարվել ընդունելի հիմնավորում պատասխանատու լրագրության սկզբունքների տեսանկյունից:

13. Այս դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Դյու Ռոյը և Մալողին ընդդեմ Ֆրանսիայի (DU ROY AND MALAURIE v. FRANCE, 3 հոկտեմբերի 2000թվական, գանգատ թիվ 34000/96) գործով վճռի 34-րդ կետից, որի համաձայն՝ ընթացիկ քրեական վարույթի վերաբերյալ նյութ պատրաստող լրագրողները պարտավոր են հարգել մեղադրյալի անմեղ համարվելու իրավունքը:

14. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցի հրապարակման կամ տեսանյութի ձևակերպումները պետք է լինեն այնպիսին, որ ինքնին չստեղծեն կանխակալ ազդեցություն անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում: Խոսքը նաև վերաբերում է տեսանյութում օգտագործվող ձևակերպումներին ու բառապաշարին:

15. Ուստի, ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման պատասխանատուները հետևողական չեն եղել անմեղության կանխավարկածն ապահովելու հարցում, և տեսանյութով թույլ է տրվել անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտում:

16. Հասարակության իրազեկվածության և հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից լրագրողներն ունեն կարևորագույն առաքելություն: Նրանք իրենց մասնագիտական աշխատանքով ապահովում են հասարակության մոտ պատկերացումների ձևավորումը երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ և այդպիսով քաղաքացիական վերահսկողությունն այդ գործընթացների նկատմամբ:

17. Պատասխանատու լրագրության կանոնները ենթադրում են, որ լրագրողի աշխատանքը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, քրեական վարույթին ներգրավված անձի իրավունքների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև լրագրողական նյութի պատրաստման բազմակողմանիության ապահովման վրա:
Լրագրողի պատրաստած նյութը կամ վերլուծությունը պետք է լինի հավասարակշռված և բազմակողմանի:

18. Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտումները լրատվամիջոցներով, այդ թվում՝ այլ հեռուստաընկերություններով կրում են տարածված բնույթ: Սա մտահոգիչ երևույթ է, որի վերացման ուղղությամբ պետք է տարվեն համակարգված ու նպատակային աշխատանքներ:

19. Ուստի, լրագրողներին և լրատվական կազմակերպություններին խնդրում եմ մարդու մեղավորության վերաբերյալ գնահատականներում լինել առավել ուշադիր՝ բացառելով որևէ կանխակալ վերաբերմունք մինչև իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը:

20. Հանրային ու հատկապես՝ իրավապահ մարմինները իրենց գործունեության ընթացքում պարտավոր են խստորեն պահպանել անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջն՝ իր բոլոր բաղադրիչներով: Այդ պահանջի խաթարումը խնդրահարույց է ոչ միայն անձի իրավունքների, այլ նաև քննության որակի ու արդյունքների նկատմամբ հավաստիության տեսանկյունից:

Հրապարակման համար լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելիս անմեղության կանխավարկածի երաշխավորման սկզբունքով ղեկավարվելը պարտադիր է:

https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1318125751708219/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ