Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնը:
Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:
Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:
Այս մասին տեղեկացնում է Qahana.am-ը։