Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Ավելի վաղ Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները արդյունք չէին տվել։
Լավրովի խոսքերով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ռուս-թուրքական «նոր խորհրդատվություններ» անցկացնելու հարցով։ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ իրենք հույս ունեն, որ կողմերը կհասնեն համաձայնության այն հարցում, որ Իդլիբում իրապես հաստատվի հրադադար, և ահաբեկիչները այնտեղ չզգան իրենց որպես «տեր ու տիրակալներ»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում, որոնց աջակցում է Ռուսաստանը:
Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը, 20-ին՝ 2-ը: