Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում ընթացող ֆորումի ժամանակ վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն անընդունելի է հայկական կողմի համար։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների ստորագրած փաստաթղթում այդ ճանապարհը կոչվում է TRIPP՝ «Թրամփի ճանապարհ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Գրիգորյանը նշել է, որ TRIPP-ը մեծ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային բիզնեսների և երկրների համար։
Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանում այս ճանապարհը կոչում են «Զանգեզուրի միջանցք»՝ շեշտելով, որ հայկական կողմն ունի այլ մոտեցում։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հիմնական տարաձայնությունը կմնա տերմինոլոգիայի մակարդակում։ Արմեն Գրիգորյանը հավելել է, որ խաղաղության կառուցման գործընթացը շարունակվում է, և հասարակությունների միջև փոխգործակցությունը կարևոր դեր ունի վստահության ամրապնդման գործում։

