2025 թվականին ԱՄՆ-ը բախվում է առողջապահական լուրջ մարտահրավերի՝ Կանդիդա Աուրիս սուպերբագի բորբոսի արագ տարածման հետ։ Արդեն արձանագրվել է ավելի քան 7,000 վարակված անձ՝ 27 նահանգներում, հիմնականում հիվանդանոցներում եւ ծերանոցներում, որտեղ բնակվում են առավել խոցելի մարդիկ։ Բորբոսը առանձնանում է իր դիմացկունությամբ՝ գրեթե բոլոր հայտնի դեղերը անարդյունավետ են նրա դեմ, իսկ սովորական լաբորատոր ախտորոշումը հաճախ սխալ է տալիս, ինչը բարդացնում է վաղ բուժումն ու կանխարգելումը։
Կանդիդա Աուրիսը հատկապես վտանգավոր է տարեցների, ծանր հիվանդների եւ այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են բժշկական սարքեր, օրինակ՝ կատետեր, շնչառական խողովակներ։ Ըստ CDC-ի գնահատման՝ վարակվածների 30-60 տոկոսը մահացել է, թեեւ նրանց մեծ մասը ունեցել է նաեւ այլ առողջական խնդիրներ։ Բորբոսի ախտանիշները բազմազան են՝ ջերմություն, դող, թուլություն, ցածր զարկերակային ճնշում, արագ սրտի բաբախում, հիպոթերմիա, ականջի ցավ կամ ճնշվածության զգացում։
Բորբոսը կարող է երկար մնալ մակերեսների վրա՝ հիվանդանոցային մահճակալների, սարքավորումների, ինչը բարդացնում է կանխարգելիչ միջոցառումները։ Մասնագետները կոչ են անում ուժեղացնել վերահսկողությունը, բարելավել ախտորոշման մեթոդները եւ ներդնել նոր դեղամիջոցներ։ Հետազոտողները նշում են, որ այժմ կլինիկական փորձարկումների փուլում կան երեք նոր դեղեր, որոնք կարող են ապագայում արդյունավետ լինել Կանդիդա Աուրիսի դեմ։ Սակայն այս խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ գիտական նորարարությունների, առողջապահական համակարգի ներդաշնակ աշխատանքի եւ հասարակական իրազեկման համատեղմամբ։

