Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ ՀԱՕԿ-ի զրույցը սկսվեց երկրում գործող մարզահամալիրների քանակը հաշվելով։ Մասնագետը գոհունակությամբ խոսեց վերակառուցումից հետո շարք մտած Գյումրիի մարզահամալիրի մասին։ Այնտեղ կարող են ամենօրյա պարապմունքներ և ուսումնամարզական հավաքներ կազմակերպել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ։
– Նպատակ ունենք հունիսի 15 – 29 –ը հավաք անցկացնել այնտեղ, – ասաց նա։ Հնարավոր է բարելավել մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը, վարպետությունը, հոգեբանական , կամային որակները և այլն։ Մասնակիցները տեղում են սնվում ու գիշերում, էլ չասեմ, որ գյումրվա հումորով, բառ ու բանով հարուստ և հյուրասեր աշխատակիցներից ճառագող ջերմությունը ավելի հաճելի է դարձնում մարզիկների առօրյան։
– Իսկ մինչ հավաքը․․․
– Պարզ է, որ ձեռքներս ծալած չենք նստել։ Ասես վերջ չունեցող այս վարակից հոգնել, աշխատել են ուզում նույնիսկ ցոփ ու շվայտ կյանք սիրող մարդիկ։ Բնական է, որ աշխատել ենք, այն էլ՝ կրկնակի չափով։ Գնահատելով երկրի պարետի որոշումները, պարապմունքներում միմյանցից անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու նպատակով, հերթով կրակագիծ ենք կանգնեցնում առավելագույնը չորսական մարզիկի։ Լիարժեք կատարում ենք մեր գործը, որը հաճելի հոգնություն է պատճառում, քանզի մարզիչներիս հաջողվում է գոհացնել մեր սաներին, չափավորել նրանց մասնագիտական ընդհանուր որակները։
Երբ հայտնի դառնա օլիմպիական վարկանիշային մրցաշարերի օրացույցը, արդեն նշանակետ կընտրենք մարզավիճակի բարձրագույն աստիճանը, որի մասին պիտի վկայի հրաձիգների դիպուկությունը։