fbpx
Աշխարհ

Ադրբեջանում բողոքի ալիքի պատճառ դարձած քաղբանտարկյալին ազատ կարձակեն

Ադրբեջանի նախագահի հրամանից հետո երկրի դատախազությունները քննչական մարմնին հրահանգել են վերանայել արդեն երկու տարի բանտում անցկացնող բլոգեր, ոստիկանության նկատմամբ զրպարտություն տարածելու կեղծ մեղադրանքով դատապարտված Մեհմեն Հուսեյնովի գործը։ Քննչական մարմինն էլ որոշել է կարճել նրա նկատմամբ հարուցված նոր գործը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը։

Հուսեյնովի երկամյա ազատազրկումն ավարտվում է գարնանը, սակայն նրան նոր՝ կեղծ մեղադրանք էր առաջադրվել՝ իբր ծեծել է բանտապահին։ Առաջացած դժգոհությունից ու դրան հաջորդած ցույցերից հետո երկրի ղեկավարությունը կարծես զիջումների է գնում նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոս այցին ընդառաջ։

Քննչական մարմինը բացահայտել է, որ քանի որ Հուսեյնովը վերադաստիարակվել է, այլևս վտանգ չի ներկայացնում հասարակության համար, պատիժ է կրում թեթև հանցանքի համար, ունի խնամքի կարիք ունեցող 70-ամյա հայր ու ևս մի քանի «նոր հայտնի դարձած» հանգամանքներ, այլևս անիմաստ է նրան պահել անազատության մեջ։ Նույն բովանդակությամբ խնդրագիրը Հուսեյնովի անունից ուղարկվել է երկրի նախագահին։

Սակայն ակնհայտ է, որ տեղական իշխանություններն այս որոշմանն են եկել ոչ թե մարդասիրական նկատառումներից ելնելով, այլ այն բանի համար, որ քաղաքական դրդապատճառներով բանտարկված բլոգերի հայտարարած հացադուլից հետո ուշադրությունը նրա ու մյուս քաղբանտարկյալների վրա մեծացել էր, կոչեր էին հնչում նաև արտասահմանից, հարցը քննարկման էր ներկայացվել ԵԽԽՎ-ում:

Հայտնում է shantnews.am-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ