fbpx
Իրավական

Բացահայտվել են Գեղարքունիքում կատարված բնակարանային գողության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա տղամարդը, գործով չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիմակավորված և ձեռնոցներով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի բնակչին պատկանող՝ Բերդկունք համայնքում գտնվող տան բակ: Երբ ցանկացել են կացնի միջոցով բացել տան պատշգամբի դուռը, միացել է անվտանգության ձայնաազդանշանային համակարգը, և վերջիններս, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բացի այդ, նշված բնակարանից փախուստի դիմելուց հետո՝ նույն օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, վերջիններս դանակի գործադրմամբ բացել են Հայրավանք համայնքում գտնվող տան պատուհանը, գործով չպարզված անձը ապօրինի մուտք է գործել ներս, վերցրել է տեսաձայնագրող սարքը, որը դրսում կանգնած 30-ամյա տղամարդը տեղափոխել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան՝ այդ կերպ հափշտակելով նշված սարքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1-րդ կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշվում է նաև, որ 30-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ նախնական համաձայնության եկած ու գործով չպարզված անձի կամ անձանց մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ