Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։
«Թանկագի՛ն բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը:
Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ:
Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք», – գրել է Հարությունյանը:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/549857969044914?__cft__[0]=AZVp-ww9N8KMPAbZA3pvPJ4Adfdk9ko72qAdNwXOIIqy_nSOaiRONDfmwkVsPY1ybI93hRs4RULXHZAZA0NN1Y0NF7B_lHj4HiEPOYUONGY43YXQukfxQB-al7TkLqZBvFzOUYSWTijCiu2Q-53DqPUzMdvQdbrSCseuF46oDFf0yA&__tn__=%2CO%2CP-R