Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։ ՀԱԵ-ն դատարանից պահանջում է արգելել կարգալույծ քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու որոշ հատվածներ, այդ թվում՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Երկրորդ հայցով եկեղեցին խնդրում է վերադարձնել նաև Երևանի Շենգավիթում գտնվող բնակարանը, որի բանալիները նույնպես պահանջվում են։
Այս հայցերը ներկայացնելու պատճառը Ստեփան Ասատրյանի գործողություններն են, որոնք, ըստ եկեղեցու, վարկաբեկել են Հայ Եկեղեցին և նրա ղեկավարներին։ Հիշեցնենք, որ Հովհաննավանքի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամն առաջինն էր, որ դեմ խոսեց կաթողիկոս Գարեգին Բ-ին և միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգմանը» ու դարձավ հանրությանը պառակտելու «գործիք»։ 2025 թվականի հոկտեմբերին Մայր Աթոռի որոշմամբ հոգևորականը կարգալույծ հռչակվեց։

