Որքա՞ն ժամանակ է պատրաստ «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորել գազի գինը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առայժմ այս հարցի պատասխանը չունի»:
Փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դա կախված է գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից.
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են, և հենց որ տեղեկություններ լինեն՝ կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը հազար խմ-ի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար:
Ավինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե հնարավո՞ր է պարգևավճարների հարցով իշխանությունները նոր օրենքի նախագիծ բերեն, և նշեց, որ քաղծառայության համակարգի վերանայման կարիք կա:
«Բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք, բայց եթե ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»:
Աղբյուր ՝galatv.am