ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կայուն և դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` 2010 թ. Տոկիոյում և 2015 թ. Երևանում դեսպանությունների բացումը նոր լիցք է հաղորդել երկկողմ կապերի ամրապնդմանը:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը և այդ համատեքստում նշել, որ այս պահին ձևավորվում է պատգամավորական բարեկամական խումբ. նորընտիր Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ հետաքրքրված են Ճապոնիայի հետ բարեկամությամբ:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը զարգացման աջակցության շրջանակներում տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության և իրականացված ծրագրերի համար:
Արարատ Միրզոյանին փոխանցելով Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների և Խորհրդականների պալատների նախագահների շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` դեսպանը ևս բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը:
Դեսպան Յամադան հետաքրքրվել է 2018 թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի՝ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթացով, որին ի պատասխան Արարատ Միրզոյանը, կարևորելով համաձայնագրի շուտափույթ կիրառման նշանակությունը, հույս է հայտնել, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Ազգային ժողովում կկազմակերպվի համաձայնագրի քննարկումը:
Կողմերը հանգամանալից անդրադարձել են հայ-ճապոնական համատեղ օրակարգի առաջմղմանն առնչվող բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ: