Երեկ Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի, որպեսզի ներկա լինեն իրենց որդիների զինվորական երդման արարողությանը:
Զինվորների ծնողների ու հարազատների համար հատուկ տեղ է առանձնացված շարահրապարակում։
«Բոլորը միատեսակ են, չկարողացա գտնել տղայիս, մեր բարեկամն օգնեց, ժպիտով որդուս մի կերպ գտանք զինվորների մեջ»,- հուզված ասում էր Երևանից Գյումրի եկած ծնողներից մեկը։
Մոտ մեկ ամիս առաջ ձմեռային զինակոչի տղաներն են, առաջին անգամ էին հարազատները նրանց զինվորական հագուստով ու զենքով տեսնում: Մեկ ամսում հարազատների աչքերում նրանք շատ էին փոխվել, իսկ զինվորի խրոխտ կեցվածքից միայն հպարտություն էին ապրում:
«Թոռնիկիս արդեն որպես կայացած զինվոր տեսա, ես դա նրա կեցվածքից զգացի»,- ուրախությամբ նշում էր զինվորական երդմանը ներկա պապիկը։
Նորակոչիկներին սպայական անձնակազմը մեկ ամսում փոխանցել է շարային քայլքի ու զենքին տիրապետելու հմտությունները։ Իսկ այսօր նրանք հայրենիքին ծառայելու երդում տվեցին ու նորակոչիկից դարձան զինվոր։
Երդման արարողությունից հետո զինվորական նվագախմբի ու սպաների ուղեկցությամբ բոլոր զինվորները շքերթով անցան շարահրապարակով։ Պաշտոնական մասի ավարտից հետո մոտեցավ հարազատների ու զինվորների համար ամենասպասված պահը։ Զորամասի դարպասների մոտ ծնողներն իրենց զավակներին դիմավորեցին ծափերով:
«Կարոտել եմ բոլորին, գնում եմ տեսակցելու հարազատներիս, հետո վերադառնալու եմ զորամաս ու շարունակելու եմ պարտքս կատարել հայրենիքիս հանդեպ»,- իր զգացողություններով է կիսվել շարքային Աղվան Հովհաննիսյանը։
«Համարյա մի ամիս չէի տեսել ոչ մեկին, հիմա կփորձեմ կարոտս առնել»,- շփոթված ու հուզված պատասխանել է զիմվոր Վահե Կիրակոսյանը։
Ծնողներին ու հարազատներին տեսնելուց, կարոտը մի փոքր առնելուց հետո զինվոր տղաները խոսեցին բանակային կյանքի առաջին դժվարություններից ու Գյումրիի ցրտաշունչ ձմեռից:
«Արդեն սովորել ենք Գյումրիի համ ցրտին, համ էլ ձյանը, ճիշտ է Երևանի հետ համեմատած տարբերությունը շատ էր, բայց հարմարվեցինք» -անկեղծացել է Թելման Ղարիբյանը։
Զինվորները արձակման թերթիկներով հարազատների հետ անցկացնելու էին մինչև ժամը 17։00-ն,որից հետո նորից զորամաս ու նորից ծառայություն: Գյումրիի այս զորամասում տղաները կմնան ևս 5 ամիս, հետո որպես կրտսեր սերժանտներ կմեկնեն այլ զորամասեր ու կհամալրեն զինված ուժերի կրտսեր հրամանատարական կազմը։
Աղբյուր՝ shantnews.am