Հայաստանի նման երկրները խաղաղության ու կայունության վերաբերյալ իրենց իդեալներն ու սկզբունքներն ունեն։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու որոշմանը։
«Ես վստահ եմ, որ Հայաստանի նման երկրները խաղաղության ու կայունության վերաբերյալ իրենց իդեալներն ու սկզբունքներն ունեն, սա բավարար է, որ այս առաքելությունը Սիրիայում հաջողության հասնի՝ այդպիսիով նաև ազդակներ ուղարկելով հարևան երկրներին, որ մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի մասին։ Այս տեսակետից հարցի վերաբերյալ մենք ընդհանուր ընկալում ունենք, և դա թույլ կտա հետագայում ևս պաշտպանել Սիրիայում առաքելություն իրականացնելու Ձեր որոշումը»,- ասել է Կիպրոսի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ: