Թուրքիայի խորհրդարանի հայ անդամ Գարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի Բալաթ թաղամասի հայկական եկեղեցու վրա արված գրառումներին:
Նա Twitter-ում արել է հետևյալ գրառումը.
«Բալաթի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին հայտնվել է ատելության թիրախում: Ամեն տարի բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգներ են ատելության թիրախ դառնում: Ոչ միայն պետք է պարզել, թե ովքեր են այդ ագրեսիվ պահվածքի հեղինակները, այլև պարզել, թե ինչ ուժեր են կանգնած նրանց ետևում»:
Պատգամավորն, ամփոփելով խոսքը, նշել է. «Ամենակարևորն այն է, որ պետք է վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բալաթ շրջանի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու գլխավոր մուտքի և պատի վրա ցեղապաշտ ու ատելություն պարունակող բովանդակությամբ գրություններ են հայտնվել:
Փետրվարի 23-ին հայտնաբերված գրություններն անգլերենով ու արաբերենով են, որոնք տեսագրել են թաղային խորհրդի անդամները և փոխանցել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Թաղային խորհուրդն այս դեպքի մասին տեղեկացրել է նաև շրջանի անվտանգության մարմիններին: Կատարվում է հետաքննություն:
Աղբյուր՝ shantnews.am