fbpx
Զինված Ուժեր

Եղնիկներում ֆոսֆորային զենքերի օգտագործումը եղել է առաջին օրվանից․ Արման Ջանազյան

Արցախ աշխարհում մի անառիկ անկյուն կա, որտեղ բազում ջանքերի գնով էլ թշնամին չկարողացավ ոտք դնել։ Այդ աշխարհը մնաց անառիկ նվիրումի՝ անդավաճան նվիրումի ու համախմբման արդյունքում։ Այդ մեծ ու փոքր հաղթանակի, պարտության մեջ աներկբա է մարդ արարածի թափած ջանքերը՝ սեփական կյանքը բազմիցս մահից «խլելու» համար։ Արման Ջանազյանը մեկն էր այն համառ զինվորներից, ովքեր չնահանջեցին ու չզիջեցին։ Պատերազմի դաշտ մեկնել է սեպտեմբերի 29-ին, բայց ճանապարհների դժվարանցանելիության, պատերազմական դրության պատճառով կարողացել են սեպտեմբերի 30-ի առավոտյան հասնել Եղնիկներ։ Երբ Արմանը առաջին օրը ցանկացել է կամավորական մեկնել ընկերներին օգնելու։ Գնացել է զինկոմիսարիատ պարզվել է, որ մոբիլիզացիոն ուժերի կազմում եղել է նաև նրա անուն ազգանունը՝ « Նախ գնացել էի ճանապարհելու ընկերոջս, հետո կանչել էին նաև եղբորս, ու ես վրդովվել էի, որովհետև ժամկետային զինծառայության ժամանակ եղել եմ հետախույզ ու ինձ չէին կանչում»։

2016թ․-ին Արմանը մասնակցել է Քառօրյա առճակատմանը՝ «Չի կարելի Քառօրյան համեմատել այս պատերզամի հետ, որովհետև այն ուղղակի բախում էր։ Սա արդեն լայնամաշտաբ պատերազմ էր։ Իրենք պատրաստվել էին 20-30 տարի։ Ինչո՞ւ մենք չենք պատրաստվել լայնամաշտաբ պատերազմի այսքան երկար ժամանակ։ Յուրաքանչյուրս էլ գիտակցում էինք, որ նման պատերազմը վաղ թե ուշ լինելու է։ Ադրբեջանը կիրառում էր արգելված զինտեխնիկա՝ ֆոսֆորային զենք։ Տեսանյութը ֆոսֆորային զենքերի մասին բավականին հետո էին նկարել ու տարածել համացանցում։ Եղնիկներում առաջին իսկ օրվանից էլ ֆոսֆորային զենք են գործածել։ Դրանց շնորհիվ են կարողացել այդքան դիրքեր գրավել»։
Պատերազմում բոլոր տարբերակներն ու միջոցները արդարացված են։ Արմանը անկեղծացավ և նշեց,- «պատերազմի ժամանակ անարդարություն հասկացողություն չկա։ Ամեն ինչն էլ արդար էր, որովհետև պատերազմ է։ Հարաբերակցությունը փորձեմ նկարագրել հետևյալ կերպ՝ 100 հոգով կռվում էինք մոտ 5000 մարդու դեմ։ Սա շատ մեծ տարբերություն էր»։

Այնուամենայնիվ Եղնիկները կարողացան պահել կանգուն,իսկ թե ինչն էր գաղտնիքը Արմանը նշեց,- «Ինչ դիրքեր հանձնել էինք, կարողացանք որոշ չափով հետ վերցնել, գրավել այն դիրքերը, որոնք Արցախի կազմում չեն եղել։ Այս ամենը նաև հրամանատարի շնորհիվ է։ Մեր հրամանատարը եղել է Կարեն Ջալավյանը, իսկ նրա նման հրամանատարը պատերազմի դաշտում Աստված է։ Հիմնական գաղտնիքը կայանում էր նրանում, որ դիրքում կանգնած տղաներից ոչ մեկն էլ չէր թողել ու փախել։ Մենք բոլորս էլ պատրաստ ենք եղել կռվել ու այդ մի կտոր հողի համար էլ կյանք զոհաբերել։ Ոչ մի քայլ հետ չէինք կանգնում ու միշտ փորձում էինք առաջ գնալ։ Իհարկե պահեր էլ կան, որ նահանջեցինք, բայց դրանով ուղղակի շեղում էինք հակառակորդի ուշադրությունը՝ գցելով թյուրիմածության մեջ, որ կարողանանք ավելի առաջ գնալ»։

Արման Ջանազյանը մեջքի հատվածից բեկորային վնասվածք է ստացել հոկտեմբերի 7-ին Եղնիկներում։ Վիրավորվել է ռմբակոծության ժամանակ, երբ փորձել է զոհված զինծառայողին դեպի հայկական կողմ դուրս բերեր։ Վիրավորումը Արմանին չխանգարեց վերադառնալ Եղնիկներ և շարունակել հակառակորդի առաջխաղացումները կանգնեցնել։ Ստացած վիրավորումը թողնում է իր ազդեցությունը և Արմանն երկար չի կարողանում մնալ մարտադաշտում։ Արմանը ժպիտով է պատմում,- «13 հոգի մի տեղում թաքնված էինք և պարզեցինք, որ 13-ս էլ աթեիստ ենք, բայց մոտ 25-30 րոպե ինտենսիվ ռմբակոծությունների ընթացքում մենք բոլորս էլ հասկացանք, որ մենք քրիստոնյաներ ենք։ Խոսելով պարզվեց, որ մենք բոլորս էլ աղոթքը գիտենք անգիր։ Այդ իրավիճակը մեզ համար շատ զվարճալի էր։ Ես դեռ աթեիստ եմ, պարզապես այդ պահին աղոթքը ակտուալ էր։ Դժվար ասեմ, թե այս պահին մեր մեջ արթնացել էր քնած հավատն առ Աստված, պարզապես այդ պահին ուրիշ ոչինչ չէինք կարող անել։ Մեկը սկսեց, մենք էլ շարունակեցինք, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։»- Չնայած Արմանը խոստովանում է, որ իրենց ողջ մնալն եղել է բոլորի համախմբված ու ճիշտ կատարված աշխատանքի արդյունքը։

Հավա՞տը, թե՞ ապրելու անհագ ցանկությունը։ Պայքարը մարտի դաշտո՞ւմ, թե՞ հավատի ու անհավատության դեմ պայքարը փրկեց Արմանին ու զինակիցներին։ Դժվար է ասել։ Մի բան միայն հստակ է Եղնիկներն անառիկ է։ Զինվորներն անառիկությունն ու անմահությունն այսօր ասոցացնում են հրամանատարի ռազմական գիտելիքներով վարած գրագետ մարտով, որի ժամանակ մարտիկներին ոչ միայն ինքնապաշտպանության , այլ նաև հաղթանակի տրամադրելն է։ Ու մարտը կարելի էր համարել հաղթանակած։ Չնայած այս ամենի հստակ է, որ հայ զինվորի ու մարդու պայքարը չի ավարտվել։ Արմանը նշում է․

-Ես հայ եմ ու պետք է լինեմ հզոր՝ ինչպես նախնիներս, լինել հզոր՝ ինչպես հայրենիքս։

Լիլիա Ալավերդյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ