Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Կոտայքի մարզի «Աբովյան» համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի, «Ծաղկաձոր» համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի և «Նոր Հաճն» համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի դիմումի հիման վրա՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ-ն որոշում է կայացրել:
ՍԴ որոշումը՝ ստորև․
«1․ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով որքանով չեն ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։
2. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։
3. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելը չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։