fbpx
Տնտեսություն

Տրանսֆերային գնագոյացումն օգնում է բարելավել հարկային կարգապահությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է:

Կազմակերպության փոխկապակցված անձանց շրջանակի նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել հաշվետու տարվա սկզբին՝ գնահատելով ՀՀ հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցվածության չափանիշները: Մասնավորապես, անուղղակի և ուղղակի կերպով մասնակցությունը և գործարար որոշումների վրա ազդեցությունը։

Փոխկապակցված անձանց շրջանակը պարզելուց հետո, անհրաժեշտ է պարզել այդ անձանց միջև գործարքների վերահսկվող լինելը, ինչը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 363-րդ հոդվածով։ Փոխկապակցված անձանց շրջանակի փոփոխությունները հանգեցնում են վերահսկվող գործարքների քանակի փոփոխության:

Ըստ աղբյուրի՝ բացառություն են կազմում ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև իրականացված գործարքները։ Այդպիսի գործարքները համարվում են վերահսկվող, եթե կողմերից մեկը ռոյալթի վճարող է, կամ օրենսգրքով սահմանված կարգով օգտվում է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և ռոյալթիի գծով հարկային արտոնություններից։

Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների դեպքում գործարքները համարվում են վերահսկվող՝ անկախ գործարքի կողմերի փոխկապակցված համարվելու հանգամանքից: Այդ երկրների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն որոշմամբ։

Եթե կազմակերպության վերահսկվող գործարքները տվյալ տարին գերազանցում են 200 մլն դրամը, ապա տնտեսավարողն այդ մասին պետք է ծանուցի հարկային մարմնին` մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։

Ծանուցման ձևը և վերջինիս լրացման կարգը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 671-Ն հրամանով։

Հարկային մարմինն ուսումնասիրում է վերահսկվող գործարքների մասին ծանուցումները։ Եթե լինում են ռիսկային գործարքներ, այդ դեպքում՝ հարկ վճարողից պահանջում է փաստաթղթավորում: Հարկային մարմնի ծանուցելուց հետո տնտեսվարողը փաստաթղթերը ներկայացնում է 30 աշխատանքային օրվա ընթացքում։

Հարկ վճարողը կարող է մինչև հարկային մարմնի կողմից փաստաթղթավորման պահանջի մասին ծանուցում ստանալը, ինքնուրույն ճշգրտել իր համապատասխան հարկվող բազան: Այն դեպքում, երբ հարկ վճարողի կողմից ինքնուրույն ճշգրտումներ չեն իրականացվում, և հարկային մարմնի կողմից հայտնաբերվում են դեպքեր, որ տվյալ գործարքը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորություն սկզբունքին, ապա կարող է սկսվել տրանսֆերային գնագոյացման ստուգման գործընթաց։

Փաստաթղթավորման մեջ ներառվող տեղեկությունների վերաբերյալ պահանջներն ամրագրված են Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ