Հուլիսի 9-ին, ժամը 01։06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված տուժած։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «BMW 530» և «BMW 3» (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Նշվում է նաև, որ փրկարարները «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։