Հուլիսի 13- ին Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նախարարության պատասխանատուների հետ։
«Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում ճանապարհը կազմում է 27,5 կմ:
- Պապիկյանը ծանոթացել է կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին
- Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի ճանապարհի շինաշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնելու համար։ Գյումրի-Թալին հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ինչպես խոստացել են չինացի կառուցապատողները, սեպտեմբերին այս հատվածի մեկ կողմը շահագործման կհանձնվի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ հետևել է նաև Գյումրիում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Պատվիրակությունը եղել է Մայակովսկի և Մատնիշյան փողոցներում։ Մայակովսկի փողոցի 650 մետրը կառուցվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, շինաշխատանքներն ընթացքի մեջ են: Մատնիշյան փողոցը ևս նույն ֆինանսավորմամբ է իրականացվում, 700 մ հատվածում տեղադրվում է ասֆալտի երկրորդ շերտը:
Սուրեն Պապիկյանին է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրու համայնքապետարանի կողմից ձեռքբերված 63 նոր միկրոավտոբուսը։ Դրանցից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում կներկրվի հաջորդ խմբաքանակը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ կարևորելով Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու զարգացմանը միտված բոլոր ձեռնարկների ու ծրագրերի իրականացումը»,- ասված է Շիրակի մարզպետարանի հաղորդագրության հայտարարության մեջ։