fbpx
Տնտեսություն

ՊԵԿ-ում բարեփոխումներ են․ տեղի է ունեցել խորհրդի նիստ

Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը. «Պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է առաջին հերթին տնտեսվարողներին, և այս առումով մենք տրամարդված ենք իրականացնել համակարգային բարեփոխումներ»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հատուկ ընդգծել է մաքսային ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի քաղաքացիները ստանան 21-րդ դարին հարիր մաքսային ծառայություն։

Հասարակական խորհրդի անդամներին է ներկայացվել մաքսային բարեփոխումների տեսլականը, «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքը և վերջերս գործարկված Պետական վճարումների էլեկտրոնային համակարգում՝ e-payments-ում մաքսային պարտավորություններն առցանց մարելու հնարավորությունը։

Խորհրդի նիստում քննարկվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման հարցը։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է վերջին շրջանում էլեկտրոնային ծառայությունների խափանումների պատճառներին՝ նշելով, որ սերվերային համակարգի գնման գործընթացն իրավական որոշակի խնդիրներով հանդերձ մեկնարկել է։

Կարևորվել է նաև հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկամտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրումը: Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի, ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, ոչ ռեզիդենտների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող հարցերին։

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հանդես են եկել կառուցողական առաջարկներով։

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը պարբերաբար նիստերը կգումարի, հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ